ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Սիրելը մարդ արարածի կոչումն է

Սիրելը մարդ արարածի կոչումն է
03.05.2016 | 11:32

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ


«Ի՞նչ է մեր քրիստոնեական ինքնությունը, եթե ոչ երկար ճամփորդություն՝ անվստահությունից դեպի ամուր հավատք, որի մասին կարող ենք վկայել մեր առօրյա կյանքում»,- ասել է Սրբազան Ֆրանցիսկոս պապը:
Եթե մենք իրապես չխորանանք Աստվածաշնչի ճշմարտությունների մեջ, չհասկանանք, թե ինչ է ուզում մեզնից Աստված, որպեսզի մեզ արժանացնի փրկության, ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր սեփական ինքնությունը: Յուրաքանչյուրիս կյանքը Աստծո համար կարևոր է, ծնվում ենք, որպեսզի ապրենք ու ճանաչենք Նրան, վայելենք Նրա անսահման սերը, փաստենք մեր ինքնությունը մեր գործերով:


Մենք՝ հավատացյալներս, պետք է նմանվենք Քրիստոսին. Նա ապրեց մեր մեջ որպես Կատարյալ մարդ, և Նրա մեջ երևացին այս աշխարհում երբևէ հիշատակման արժանի բոլոր առաքինությունները: Քրիստոս Իր կյանքով այնպիսի օրինակ եղավ մեզ համար, որ Նրա շատ ժամանակակիցներ, գնահատելով Նրա Խոսքն ու տեսնելով, թե ինչպես Նա այդ Խոսքը ապացուցեց գործով, ճանաչեցին Նրա մեջ Աստծո Որդուն: Եվ երբ կարդում ենք սրբերի վարքը, տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի Նրա միջոցով հաստատված ՈՒխտի շարունակողը եղավ: Սակայն մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակ, երբ մերօրյա մարդու համար քրիստոնեական արժեքներն այնքան են կորցրել իրենց նշանակությունը, որ սրբերի նահատակությունը և բարոյականության համար մղվող պայքարը դարձել են մի տեսակ հեքիաթային երևակայություն: Տարին մեկ անգամ հիշում ենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, նրա Հարությունը, երբեմն՝ սրբերին ու կարող է մի փոքր հուզվենք նրանց համար կամ հիանանք նրանց հոգևոր սխրանքներով, բայց ամբողջովին հասկանալ ու գնահատել նրանց ինքնանվիրումը չենք փորձում, առավել ևս չենք փորձում նմանվել: Չէ՞ որ հիմա այնպիսի ժամանակներ են, երբ ոչ ոք չի բռնանում Քրիստոսին դավանելու համար, ամեն ինչ արված է Քրիստոսի և Նրա հետևորդների՝ առաքյալների ու սրբերի կողմից, մեր կարծիքով, այլևս անելիք չկա... Թերևս այսօր աշխարհին սպառնացող չարիքների պատճառը քրիստոնյաներիս անտարբերությունն էր առաջնորդի՝ Քրիստոսի Խոսքի նկատմամբ:


Քննենք, թե ինչպիսի՞ քրիստոնյա ենք մենք այս պահին, և Քրիստոսին մեր պատկանելությունը վկայելու համար, պարտավոր չե՞նք արդյոք որևէ արարքով ապացուցել՝ որպես քրիստոնյա ինքնություն: Եթե այսօր մեզնից չի պահանջվում նահատակություն հանուն հավատի, ինչպես արեցին ս. Գևորգը, ս. Սարգիսը, ս. Գայանեն և մյուսները, ապա գոնե մենք պարտավոր չե՞նք պահպանել այն, ինչ իրենց կյանքի գնով մեզ փոխանցեցին առաքյալները, սրբերը, հայրապետներն ու վարդապետները:


ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐԴՈՒ ՍՏԵՂԾՈՒՄ


Բնական գիտությունների զարգացմամբ ոգևորված գիտնականները և, այսպես կոչված, առաջադեմ մտավորականությունը 20-րդ դարի սկզբին, կենսաբանական գիտությունների վրա հիմնվելով, ուզեցին լուծել քաղաքակրթության խնդիրները, այդ թվում՝ այն խնդիրները, որոնք վերաբերում էին մարդու էվոլյուցիային: Նրանց կարծիքով՝ չի կարելի թույլատրել թերություններ կամ արատներ ունեցողների ծնունդը: Այս շարժումը, անտեսելով մարդու աստվածային արարումը, փորձում է կարգավորել, այսպես կոչված, «մարդկանց բազմացումը»՝ անվանելով այն նոր, ավելի կատարյալ մարդու ստեղծում:

Դեռ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամերիկացի առաջադեմ գործիչ Մարգարետ Սենգերը գրում էր. «Պետք չէ թույլ տալ ծնվել երեխաներին, ում ծնողները հանցագործներ են կամ մարմնապես թույլ են ու տկար, նրանք մոլախոտ են: Ավելի լավ է ոչնչացնել կամ թույլ չտալ ծնվել այդպիսի մարդկանց, քան նրանց պատճառով մեծ ծախսեր անել ու պահել հիվանդատներ անդամալույծների կամ այլ հիվանդություններով տառապողների համար»:


Եկեղեցին անմիջապես արձագանքեց այս անմարդկային առաջարկին` ընտանիք հասկացությունը ավելի կարևորելով և այն ավելի բարձր դասելով պետությունից: Պիոս 11-րդ պապը 1930-ին հրապարակեց իր թուղթը, որում ասվում է. «Մարդիկ ծնվում են ոչ միայն այս ժամանակավոր կյանքի, աշխարհի, այլև երկնքի և հավերժության համար: Ոչ ոք, ոչ մի պետական մարմին կամ օրենք իրավունք չունի իր երկրի քաղաքացու կյանքը տնօրինելու ըստ իր ցանկության: Եթե մարդը չի գործել մարմնական պատժի արժանի մեղք, չի կարելի վնասել մարդուն մարմնապես կամ տանջել ոչ մի այլ պատճառով»:


Աստիճանաբար Եկեղեցու տեսակետը սկսեցին կիսել նաև հայտնի գրողներ ու գործիչներ և նրանց շարքում՝ Հերբերտ Չեստերտոնը, ով ոչ միայն մերկացրեց այդ առաջադեմ շարժումը, այլև առերևույթ ծաղրեց նրա հետևորդներին, որոնց համար մարդ հասկացությունը փորձարկումներ կատարելու համար էր: Նրանց բառացանկում չկան ընտանիք, ամուսնություն հասկացություններ, այլ միայն՝ սեռական հարաբերություններ, որի շնորհիվ կատարվում է կատարյալ մարդու ստեղծում: Մեր օրերում այդ շարժումը, որպես այդպիսին, փա՜ռք Աստծո, չի գործում, բայց պահպանվել է մտածելակերպը, այդ պատճառով է, թերևս, որ այսօր նույնիսկ Լեհաստանում՝ պահպանողական երկրներից մեկում, թույլատրվում է առողջական խնդիր ունեցող երեխաների արհեստական վիժեցումը:


Անդրադառնալով մարդկության պատմության մեջ տեղ գտած այսպիսի երևույթների, քրիստոնյաներս հասկանում ենք՝ մեր նպատակն այն է, որպեսզի կտրականապես գիտակցենք, որ ամենակարևորը և թանկագինը Աստծո համար մարդն է՝ լինի նա առողջ, թե հիվանդ, երիտասարդ, թե ծեր, անդամալույծ, թե կատարյալ առողջ, Աստված նրա հետ գործում է, ունի նրա հետ կապված ծրագիր, և ամեն տեսակի բռնություն նրա նկատմամբ, եթե անգամ չպատժվի պետական օրենքով, դատապարտվելու է:

Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ